ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ՝ 0125 «ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
10.06.2024
ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ 0125
«ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սարգիս Ղարիբյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի մարտի 18-ին հարուցվել է թիվ Վ/Դ-143 վարչական վարույթը՝ «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունում (հասցե՝ ք. Երևան, Գուսան Շերամի փողոց 110/6 շենք) իրականացվել է զննում։ Զննման ընթացքում Ընկերության կողմից տրամադրվել են.
1. Ընկերության և Սարգիս Ղարիբյանի միջև 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված թիվ 58 աշխատանքային պայմանագիրը,
2. Սարգիս Ղարիբյանի 2024 թվականի դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների աշխատավարձերի հաշվարկային թերթիկը։
Ընկերության կողմից տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ.
1. դիմումատու Սարգիս Ղարիբյանը Ընկերությունում աշխատում է որպես առաքիչ, նրա համար սահմանվել է 340 667 ՀՀ դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ։
2. Ընկերության կողմից հաշվարկվել, սակայն Սարգիս Ղարիբյանին չի վճարվել 2024 թվականի դեկտեմբեր ամսվա 76 000 ՀՀ դրամ աշխատավարձից 8 051 ՀՀ դրամը, հունվար ամսվա 250 0000 ՀՀ դրամ աշխատավարձից 190 104 ՀՀ դրամը և փետրվար ամսվա 118 667 ՀՀ դրամ աշխատավարձը, ընդհանուր գումարով՝ 316 822 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամը՝ առանց հարկերի և պարտադիր այլ վճարների։
3. Սարգիս Ղարիբյանն աշխատանքից ազատված չէ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2024 թվականի ապրիլի 08-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։
Լսմանը ներկայացել է դիմումատու Սարգիս Ղարիբյանը, իսկ Ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական լսման տեղի և ժամանակի մասին (ծանուցումն ուղարկվել է Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին, տնօրենի բնակության հասցե և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում), սակայն չի ներկայացել։
Դիմումատու Սարգիս Ղարիբյանը լսման ընթացքում հայտնել է, որ 2024 թվականի փետրվարին Ընկերությունում կայացած ժողովի ընթացքում տեղեկացվել է, որ մոտ ժամանակահատվածում հնարավոր է առաքման ծառայությունը լուծարվի։ 2024 թվականի փետրվարի 15-ին հեռախոսով հայտնել են, որ այլևս կարող է աշխատանքի չներկայանալ, որից հետո չի հաճախում աշխատանքի։ Պահանջել է, որ իրեն վճարեն հասանելիք աշխատավարձերը։
Ընկերությունը 2024 թվականի ապրիլի 08-ին էլեկտրոնային փոստով Տեսչական մարմնին է տրամադրել 2024 թվականի ապրիլի 08-ին Սարգիս Ղարիբյանի հունվար ամսվա աշխատավարձի մասը՝ 100 0000 ՀՀ դրամ աշխատավարձը փոխանցելու մասին քաղվածքը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և վերլուծելով Սարգիս Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, Տեսչական մարմինն արձանագրում է, որ խախտվել է.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը, այն է՝
1) Ընկերության կողմից հաշվարկվել սակայն Սարգիս Ղարիբյանին չի վճարվել 2024 թվականի դեկտեմբեր (8051 ՀՀ դրամ), հունվար (90 104 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) և փետրվար (118 667 ՀՀ դրամ) ամիսների աշխատավարձերը, ընդհանուր գումարով՝ 216 822 (երկու հարյուր տասնվեց հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների։
2) Ընկերության կողմից Սարգիս Ղարիբյանին 2024 թվականի հունվար ամսվա աշխատավարձի մի մասը՝ 100 000 ՀՀ դրամը՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների, վճարվել է 2024 թվականի ապրիլի 08-ին։
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Սարգիս Ղարիբյանի հունվար ամսվա 100 000 ՀՀ դրամ աշխատավարձը սահմանված ժամկետում չվճարելու համար չի հաշվարկվել և չի վճարվել աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք, ընդհանուր գումարով 7800 (150դրամ*52օր) ՀՀ դրամ։
Միաժամանակ, հաշվի առնելով Սարգիս Ղարիբյանի աշխատանքից ազատված չլինելու հանգամանքը՝ Տեսչական մարմինը գտնում է, որ Ընկերության կողմից չի խախտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջները։
Հիմք ընդունելով վերոնշյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների, և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներով․
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Հայկ Վարդանյանի.
1) սույն կարգադրագիրը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին, 198-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները, այն է՝ Սարգիս Ղարիբյանին վճարել.
ա. 2023 թվականի դեկտեմբեր (8051 ՀՀ դրամ), հունվար (90 104 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) և փետրվար (118 667 ՀՀ դրամ) ամիսների աշխատավարձերը, ընդհանուր գումարով՝ 216 822 (երկու հարյուր տասնվեց հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամը՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների։
բ. հունվար ամսվա 100 000 ՀՀ դրամ աշխատավարձը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանքը՝ 7800 (յոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամը։
գ. սույն կարգադրագրի 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունում նշված աշխատավարձերը վճարելու օրվա դրությամբ հաշվարկել և վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարել տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
2) Իրականացված միջոցառումների վերաբերյալ 5 օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Վարդանյանին (հասցե՝ ք. Երևան, Ֆրիկի փողոց, շենք 10, բն. 33, էլ. փոստ՝ info@omni.inc) և քաղաքացի Սարգիս Ղարիբյանին (էլ. փոստ՝ aqogaribyan90@gmail.com):




