ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ 0075 «ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
11.07.2024
N ________________________
«06» մարտի 2024թ.
ՀՀ, 0046, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
(374-10) 65-05-53,
Էլ․ փոստ info@hlib.am
ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ -------
«ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Կարինե Քոչարյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի փետրվարի 6-ին հարուցվել է թիվ Վ/Դ-049 վարչական վարույթը՝ «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ, 192-րդ, 198-րդ, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2024 թվականի փետրվարի 13-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ Ընկերությունում (հասցե՝ քաղաք Երևան, Գուսան Շերամի փողոց 110/16 շենք) իրականացվել է զննում։
Զննման ընթացքում Ընկերության կողմից տրամադրվել են.
1. Ընկերության և Կարինե Քոչարյանի միջև 2022 թվականի մարտի 21-ին կնքված թիվ 2/1 աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային պայմանագրում 2022 թվականի օգոստոսի 1-ին, 2023 թվականի հունիսի 1-ին փոփոխություն կատարելու մասին համաձայնագրերը,
2. Կարինե Քոչարյանի 2023 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2024 թվականի հունվար ամիսների աշխատավարձերի հաշվարկային թերթիկները,
3. Կարինե Քոչարյանի աշխատավարձի վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ի ամփոփ տվյալները,
4. Կարինե Քոչարյանին հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու վերաբերյալ 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 06-Ա հրամանը և հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման վերաբերյալ տեղեկանքը։
Ընկերության կողմից տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ընկերության կողմից հաշվարկվել, սակայն Կարինե Քոչարյանին չի վճարվել 2023 թվականի սեպտեմբեր (65, 778 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), հոկտեմբեր (304,090 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), նոյեմբեր (183,718 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), դեկտեմբեր (152,580 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) և 2024 թվականի հունվար (184,367 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) ամիսների աշխատավարձերը, ընդհանուր գումարով՝ 890,533 (ութ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ առանց հարկերի։
Կարինե Քոչարյանին 2024 թվականի հունվարի 24-ից մինչև հունիսի 11-ը տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար 2024 թվականի հունվարի 24-ին հաշվարկվել է 1,341,720 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ մայրության նպաստ՝ հարկերը ներառյալ, առանց հարկերի՝ 1,073,376 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ, որը Կարինե Քոչարյանին չի վճարվել։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2024 թվականի փետրվարի 23-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։
Դիմումատու Կարինե Քոչարյանը և Ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը պատշաճ կարգով ծանուցվել են վարչական լսման տեղի և ժամի վերաբերյալ, սակայն 2024 թվականի փետրվարի 23-ին հրավիրված վարչական լսմանը չեն ներկայացել։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և վերլուծելով Կարինե Քոչարյանի կողմից ներկայացված դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, Տեսչական մարմինն արձանագրում է, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Ընկերության կողմից հաշվարկվել է Կարինե Քոչարյանի 2023 թվականի սեպտեմբեր (65, 778 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), հոկտեմբեր (304,090 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), նոյեմբեր (183,718 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), դեկտեմբեր (152,580 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) և 2024 թվականի հունվար (184,367 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) ամիսների աշխատավարձերը, ընդհանուր գումարով՝ 890 533 (ութ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ առանց հարկերի, սակայն չի վճարվել,
2. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը Կարինե Քոչարյանին չի վճարվել հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (2024 թվականի հունվարի 24-ից մինչև 2024 թվականի հունիսի 11-ը) մայրության նպաստը՝ 1,073,376 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ՝ առանց հարկերի։
Հիմք ընդունելով վերոնշյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների, և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներով․
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Հայկ Վարդանյանի.
1) Սույն կարգադրագիրը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին, 198-րդ հոդվածի 1-ին մասերի և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Կարինե Քոչարյանին վճարել.
ա. 2023 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2024 թվականի հունվար ամիսների աշխատավարձերը՝ ընդհանուր գումարով 890,533 (ութ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձը,
բ. հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (2024 թվականի հունվարի 24-ից մինչև 2024 թվականի հունիսի 11-ը) 1,073,376 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ մայրության նպաստը,
գ. սույն կարգադրագրի 1-ին կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններով սահմանված աշխատավարձերի վճարման օրվա դրությամբ կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարել տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը։
2) Իրականացված միջոցառումների վերաբերյալ 5 օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Վարդանյանին (հասցե՝ քաղաք Երևան, Գուսան Շերամի փողոց 110/16 շենք, էլ. փոստ՝ info@omni.inc) և քաղաքացի Կարինե Քոչարյանին (էլ. փոստ՝ karineyeghiazaryan27@gmail.com):




