Fwd: որոշում վարչական վարույթը կարճելու վերաբերյալ 0365 /«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ, Սերոբ Բադալյան /
26.07.2024
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-085 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սերոբ Բադալյանի ներկայացուցիչ Նարեկ Բալաբեկյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցվել է թիվ Վ/Դ-085 վարչական վարույթը` «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 115-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 27-ի N 221-Ա հրամանը՝ Ընկերությունում (հասցե՝ քաղաք Երևան, Հ. Հակոբյան փ. 3/8) իրականացվել է զննում, որի ընթացքում պարզ է դարձել, որ.
1. 2021 թվականի հունիսի 08-ին Սերոբ Բադալյանի հետ կնքված թիվ 127 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ վերջինս Ընկերությունում ընդունվել է աշխատանքի՝ որպես օպերատոր,
2. 2024 թվականի փետրվարի 08-ին տեղի է ունեցել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որի ընթացքում կայացվել է որոշում տեխնոլոգիական փոփոխությունների հետ կապված փոփոխել Ընկերության աշխատանքի պայմանները և կրճատել օպերատորի 1 (մեկ) հաստիք,
3. 2024 թվականի փետրվարի 09-ին Սերոբ Բադալյանը ծանուցվել է, Ընկերության աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի և հաստիքի կրճատման հետևանքով, 2024 թվականի փետրվարի 12-ից իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին,
4. 2024 թվականի փետրվարի 09-ի թիվ 07-Ա հրամանի համաձայն՝ 2024 թվականի փետրվարի 12-ին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով լուծվել է Սերոբ Բադալյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը,
5. 2024 թվականի փետրվարի 12-ին ուժի մեջ մտած հաստիքացուցակով Ընկերության աշխատողների թվաքանակը և օպերատորների հաստիքը կրճատվել է 1-ով,
6. 2024 թվականի փետրվարի 13-ին կատարվել է վերջնահաշվարկ և Սերոբ Բադալյանին է վճարվել 1202464 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար չորս հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ աշխատավարձ և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարներ, այդ թվում՝ ծանուցման ժամկետները չպահպանելու համար տուժանքը։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2024 թվականի մարտի 21-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում, որին ներկայացել են Ընկերության ներկայացուցիչ Վահե Դալալոյանը և դիմումատու Սերոբ Բադալյանը։
Ընկերության ներկայացուցիչ Վահե Դալալոյանը հայտնեց, որ արտադրական պրոցեսում տեխնոլոգիական փոփոխությունների հետ կապված տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի և հաստիքի կրճատում, Ընկերությունը այլևս չի պահեստավորում արտադրանքը, նոր հոսքագիծ են ձեռք բերել, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքը կազմակերպել ավելի քիչ օպերատորներով։
Դիմումատու Սերոբ Բադալյանը պնդեց դիմումով ներկայացված պահանջը և հայտնեց, որ անարդար են իրեն ազատել աշխատանքից և ցանկանում է վերականգնվել աշխատանքում։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ սույն հոդվածի 1-ին, 1.1-ին մասերով, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 111-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը:
Վարչական մարմինը, ուսումնասիրելով վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, վարչական լսման ընթացքում արված հայտարարությունները, դրանք համադրելով վկայակոչված իրավանորմերի հետ, գտնում է, որ Ընկերության կողմից պահպանվել են ՀՀ աշխատանքային պօրենսգրքի 113-րդ և 115-րդ հոդվածների պահանջները, այն է՝ Ընկերությունում տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված տեղի է ունեցել օպերատորի 1 (մեկ) հաստիքի կրճատում (2024 թվականի հունվարի 01-ին ուժի մեջ մտած հաստիքացուցակով Ընկերությունն ունեցել է 64 աշխատող՝ օպերատորի 18 հաստիք, իսկ 2024 թվականի փետրվարի 12-ին ուժի մեջ մտած հաստիքացուցակով Ընկերությունն ունեցել է 63 աշխատող՝ օպերատորի 17 հաստիք), Սերոբ Բադալյանը հաստիքի կրճատման վերաբերյալ ծանուցվել է 2024 թվականի փետրվարի 09-ին, իսկ պայմանագիրը լուծելիս ծանուցման ժամկետները չպահպանելու 57 (հիսունյոթ) կետանցված օրվա համար վերջինիս վճարվել է տուժանք՝ նրա միջին օրական աշխատավարձի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության դեպքում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչական մարմինը գտնում է, որ իրավախախտման բացակայությամբ պայմանավորված վերացել է վարչական ակտ (միջամտող) ընդունելու անհրաժեշտությունը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․
.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցված թիվ Վ/Դ-085 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման բացակայության հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Թումանյանին էլ. փոստ՝ sales@hytex.am, քաղաքացի Սերոբ Բադալյանի ներկայացուցիչ Նարեկ Բալաբեկյանին էլ. փոստ՝ balabekyans@yahoo.com:




